«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կալանավորված Գեւորգ Սաֆարյանի մարմնի վրա բռնության հետքեր չկան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը:
Ըստ հաղորդագրության՝ այն բանից հետո, երբ Գեւորգ Սաֆարյանի փաստաբանը ահազանգել է, որ Գեւորգ Սաֆարյանը բռնության եւ խոշտանգման է ենթարկվել ՔԿՀ-ում, կատարվել է ուսումնասիրություն, Գեւորգ Սաֆարյանը բժշկի կողմից ենթարկվել է մարմնական զննության, որեւէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ ՔԿՎ-ի՝ Գեւորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որեւէ մարմնական վնասվածք չունի, ներկա պահին իր առողջությանը կամ կյանքին վտանգ չի սպառնում, ոչ հիմնարկի ծառայողների, ոչ էլ դատապարտյալների հետ որեւէ խնդիր չունի:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:




























