ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ալեքսանդրովյան հիվանդանոցը չի մեկնաբանում դեպքը, երբ բժիշկները երկար ժամանակ հրաժարվել են ընդունել արնահոսող հղի հայ կնոջը: 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցից հայտնեցին, որ իրենք իրավունք չունեն՝ կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել:

«Մենք ոչ մի տեղեկատվություն չենք տրամադրում, քանի որ Լիանան եւ իր հարազատները դեմ են լուսաբանմանը: Նրանք մեզ գրավոր հայտնել են, որ հրաժարվում են մեկնաբանություններից եւ ԶԼՄ-ների հետ համագործակցելուց»,- ասացին հիվանդանոցից:

Նշենք, որ ըստ Life78-ի՝ Հայաստանի քաղաքացի, 39-ամյա հղի կնոջը դեկտեմբերի 31-ին ժամը 03:00-ի սահմաններում հիվանդանոց են հասցրել հարազատները, սակայն բժիշկներն անգամ ուշադրություն չեն դարձրել հղի կնոջ վրա: Դեպքին ականատես տղամարդը տեսագրել է, թե ինչպես են բժիշկներն անտեսում կնոջն ու նրա հարազատների օգնություն ցուցաբերելու խնդրանքներն ու աղաչանքները:

Ավելի ուշ, արնահոսող հայ կնոջն, այնուամենայնիվ, օգնություն ցուցաբերում են: Կնոջը արյան փոխներարկում են անում, սակայն նա երեխային կորցնում է:

Տեսանյութի հրապարակումից հետո ՌԴ առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ տեղի ունեցածի հետ կապված ստուգումներ կիրականացնեն: