Գեւորգ Սաֆարյանի վիճակը մտահոգություն է առաջացրել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ):
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«2016 թվականի հունվարի 21-ին երեկոյան 22:00 սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) ահազանգ ստանալով այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։
Այցելության ընթացքում դիտորդներ Ռ. Սարգսյանը, Օ. Զալյանը, Ա. Սահակյանը եւ Ս. Գաբրիելյանը հանդիպում են ունեցել Գեւորգ Սաֆարյանի հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրված իրավիճակը մտահոգություն է առաջացրել Խմբի մոտ։
2016 թվականի հունվարի 22-ին Խումբը հրատապ հաշվետվություն է ուղարկել ՀՀ ԱՆ։ Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք օրվա ընթացքում։ Դիտորդական Խումբը ԱՆ մեկնաբանությունը ստանալուն պես կհրապարակի հրատապ հաշվետվության եւ մեկնաբանության բովանդակությունները։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 20-ին Խումբը այցելություն էր կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույց էր ունեցել Գ․Սաֆարյանի հետ, արձանագրված խնդիրների վերաբերյալ հայտնել էր իր մտահոգությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակազմին, Արդարադատության Նախարարությանը եւ Քրեակատարողական վարչությանը»:




























