Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել հունվարի 18-ին Վանաձորում կամրջի մոտ երիտասարդ բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի մասին:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ հունվարի 18-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին հաղորդում էր ներկայացրել, որ նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» կայարանից դեպի Թեւոսյան փողոց տանող կամրջի վրա մի երիտասարդ իր կամքին հակառակ բռնություն գործադրելով, սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Դեպքի առթիվ հաջորդ օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բացի այդ, 2016 թվականի հունվարի 19-ին Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակիչ հաղորդում է ներկայացրել՝ 18-ամյա որդու անհետ կորելու վերաբերյալ, որի կապացությամբ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվել:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 18-ամյա երիտասարդը, ում անհետ կորելու վերաբերյալ ահազանգել էր հայրը։
Երիտասարդը հունվարի 20-ին հայտնաբերվել է եւ նույն օրը ձերբակալվել՝ առերեւույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




























