Իշխանափոխության համար պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամներն այսօր՝ հունվարի 22-ին, Երեւանի Ազատության հրապարակում դիմեցին իշխանություններին՝ խնդրանքով, որ խորհրդի անդամներին թույլ տան հանդիպել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 4-րդ օրը ջրադուլ հայտարարած Հայկ Կյուրեղյանին:
«Նոր Հայաստանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ քաղխորհրդի անդամները վստահ են, որ եթե իրենց հնարավորություն տրվի հանդիպել Հայկ Կյուրեղյանին, կկարողանան նրան համոզել դադարեցնել ջրադուլը:
«Անգամ պատերազմական իրավիճակներում մարդասիրական դրսեւորում են ցուցաբերվում առողջական խնդիրներ ունեցող բանտարկյալների նկատմամբ: Մենք դիմում են Հայաստանի իշխանություններին՝ թույլ տալ քաղխորհրդի անդամներին հանդիպել, խոսել Հայկի հետ, քանի որ եթե նա շարունակի ջրադուլը, դա կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ եթե իշխանությունը չբավարարի իրենց պահանջը, ապա իրենք կդիմեն կտրուկ քայլերի՝ ընդհուպ մինչեւ ՔԿՀ-ի մոտ վրաններ տեղադրելը եւ հացադուլին միանալը:
Նշենք, որ Երեւանի Ազատության հրապարակում այս պահին տեղի է ունենում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հանդիպումը քաղաքացիների հետ: Հանդիպմանը ներկա են «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հիմնադիր խորհրդարանի», ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ:
Ազատության հրապարակում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նշենք, որ հանդպումից հետո նախատեսված է երթ՝ ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի, որը Ամանորի գիշերը ձերբակալվել, ապա կալանավորվել է: Նա մեղադրվում է ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Նշենք, որ հունվարի 14-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ էր սկսել «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը: Նա պահանջում է ապահովել սեփական անձի անվտանգությունը քրեակատարողական հիմնարկներում:




























