Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական է ուղարկել ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշված է. «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի՝ 22.01.2016թ. N 27-Ա/Ք հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները վերսկսվելու են ս/թ փետրվարի 1-ից:
Առարկայական ծրագրերի կատարումն ապահովելու, բաց թողնված 3 շաբաթները լրացնելու համար անհրաժեշտ է օգտագործել գարնանային արձակուրդի համար նախատեսված օրերը, ինչպես նաեւ դասացուցակներում կատարել համապատասխան փոփոխություններ. ամեն օր դասացուցակներում ավելացնել 1 դասաժամ կամ օգտագործել շաբաթ օրերը: Միաժամանակ, ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան: Առարկայական օլիմպիադաները կազմակերպել եւ անցկացնել ըստ ժամանակացույցի»:
Նմանատիպ գրություն է ուղարկվել նաեւ ՀՀ մարզպետներին եւ Երեւանին քաղաքապետին` առաջարկելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը` վերոնշյալի մասին մարզպետարանի եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատություններին տեղեկացնելու համար։




























