Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամների երթը դեպի ՀՀ Ոստիկանության շենք՝ պահանջելով պատժել ոստիկան Գեղամ Խաչատրյանին եւ ազատ արձակել նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մի քանի տասնյակ մասնակիցներ շարժվում են դեպի ոստիկանության շենք: Երթի մասնակիցները վանկարկում են «ազատություն Գեւորգ Սաֆարյանին», «պատժել Գեղամ Խաչատրյանին»:
Երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:




























