ՀՀԿ–ի հետ կոալիցիա ձեւավորելով` ՀՅԴ–ն մեղսակից է դառնում ժողովրդի դեմ իշխանական ահաբեկչությանը։ Այս մասին այսօր` հունվարի 22–ին, Ազատության հրապարակում «Ոտքի Հայաստանի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը` անդրադառնալով կոալիցիոն իշխանություն ձեւավորելու շուրջ ՀՅԴ–ՀՀԿ բանակցություններին։

«Նրանք, ովքեր պիտի ապահովեին ժողովրդի իրավունքը , օրենքի կիրառումը երկրում, մեղսակից են դառնում հայ ժողովրդի դեմ ահաբեկչությանը։ Հնամյա կուսակցության վերախավը լուրջ դեմքով նայում է հայ ժողովրդին եւ սեփական անդամներին աշխարհով մեկ, եւ ասում` մենք ուզում ենք կոալիցիա կազմել հանցագործ, ահաբեկիչ, մադրիդյան սկզբունքները հեղինակած եւ ընդունած իշխանական կւսակցական խմբի հետ»,– ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Անդրադառնալով 2015թ. նոյեմբերի 25–ին Նոր Մարաշում զինված հանցավոր խմբիվնասազերծմանը` Րաֆֆի Հովհաննիսյանը դա անվանեց բեմադրություն` նշելով, որ իրական ահաբեկիչները իշխանության անդամներն են, իսկ ձերբակալվածների մեջ արժանապատիվ մարդիկ կան։

Ըստ քաղաքական գործչի, եթե այս տարվա ընթացքում հայ ժողովուրդը չմիավորվի ու չապահովվի իշխանափոխություն, բռնությունն անխուսափելի է լինելու։