«Ոտքի Հայաստան» նախաձեռնության երթի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազության մոտ ավարտեցին այսօր՝ հունվարի 22-ի երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկած երթը՝ ի պաշտպանություն ոստիկանի նկատմամբ բռնություն գործդրելու մեջ մեղադրվող՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները, որոնք Ազատության հրապարակից շարժվել էին դեպի ՀՀ ոստիկանության շենք, ապա Գլխավոր դատախազություն, մոտ մեկ ժամ մնացին դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում դատախազության ներկայացուցիչներից մեկի հետ, սակայն նրանց ոչ ոք չմոտեցավ: Նրանք Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանին պատժելու ու Ամանորի գիշերը նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու իրենց պահանջը ներկայացրին բանավոր՝ շենքի առջեւ կանգնած:
Երթի մասնակիցները հայտարարեցին, որ վաղը ժամը 18:00-ին կհավաքվեն Երեւանի Ազատության հրապարակում՝ քննարկելու իրենց հետագա անելիքները:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:




























