Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է լուրերն այն մասին, որ թուրք-սիրիական սահմանային Բաբ ալ-Հավա անցակետի շրջանում թուրքական ՌՕՈՒ-ն ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանել:

«Այդ տեղեկությունը բացարձակ անհեթեթություն է: Սիրիայում ահաբեկիչների ենթակառուցվածքների ոչնչացման խնդիր իրականացնող մեր բոլոր ինքնաթիռները բարեհաջող ավիաբազա են վերադարձել»,- լրագրողներին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ  թուրքական ռազմաօդային ուժերը ռուսական ինքնաթիռ են խոցել այն բանից հետո, երբ այն, իբր, Բաբ ալ-Հավա անցակետի շրջանում խախտել է Թուրքիայի օդային տարածքը:

Ըստ ՌԲԿ-ի, Twitter-ում հրապարակված տեսանյութում սպիտակ ծխի սյուն է երեւում: Տեսանյութի տակ հետեւյալն գրառումն է արված. «Ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սարմադի, Բաբ ալ-Հավայի եւ Իդլիբի ուղղությամբ հարվածներ հասցնելուց հետո»:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 24-ին Սիրիայի սահմանին Թուրքիայի օդուժը խոցել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը: