Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու վերջին բնակիչները՝ 3 առյուծներն ու 2 արջերը չեն կարող տեղափոխվել Երեւանի կենդանաբանական այգի, քանի որ այնտեղ բացակայում են տվյալ կենդանատեսակների մշտապես պահելու եւ ցուցադրման համար անհրաժեշտ տարածքները: Այս կերպ է NEWS.am-ի հարցմանը պատասխանել Երեւանի կենդանաբանական այգու տնօրինությունը:

Կենդանաբանական այգու տնօրինությունը տեղեկացնում է, որ կենդանիներին իրենց մոտ տեղափոխելու՝ Գյումրու կենդանաբանական այգու տնօրենի առաջարկը իրենք չեն ընդունել նաեւ այն պատճառով, որ Երեւանի կենդանաբանական այգին չի կարող մշտապես ի պահ վերցնել եւ հանրությանը ցուցադրել ակներեւ վարքագծային եւ լուրջ ֆիզիոլոգիական խնդիրներ ունեցող վայրի կենդանիների` վտանգելով այգու այցելուների եւ այգում պահվող կենդանիների առողջությունն ու կյանքը` հաշվի առնելով վտանգավոր  հիվանդությունների տարածման հավանականությունը:

Ըստ պարզաբանման՝ նման կենդանիների բարեկեցությունը, վարժանքն ու հետագա պարտադիր բուժումն իրականացվում է հատուկ նշանակության վերականգնողական կենտրոններում, որը ապահովում է համապատասխան թերապիա, ադապտացում, անհրաժեշտ դեղորայքային եւ այլ մասնագիտական միջամտություններ:

«Բացի այդ, կարեւորելով անազատության մեջ ապօրինի պահվող վայրի կենդանիների բարեկեցության խնդիրը, Երեւանի կենդանաբանական այգին` որպես մասնագիտական կառույց, չի կարող լինել այն օղակը, որն իր ուղղակի կամ անուղղակի գործունեությամբ սկզբունքորեն նպաստում է մասնավոր կառույցների եւ անհատների կողմից անհայտ պայմաններում վայրի կենդանիներ պահելու ցավալի պրակտիկային»,- ասված է պարզաբանման մեջ:

Միաժամանակ, կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու արջերը տեղափոխվում են Ռումինիայի «Լիբեարտի» արջերի ապաստարան, այնինչ առյուծների տեղափոխման հարցը  դեռեւս քննարկման փուլում է, իսկ իրենք, աջակցելով Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին, 2 արջերի համար տրամադրել են ժամանակավոր կացարան՝ նրանց բուժզննումն  ու անհրաժեշտ բոլոր գործընթացները կազմակերպելու համար: