Քաղցրաշենի նոր ոռոգման համակարգը ե՛ւ հոսանք կխնայի, ե՛ւ նոր տարածքներ կջրի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուխնախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգին նվիրված հերթական լսումների ընթացքում, որոնք անցկացվել են հունվարի 22-ին Երեւանում: 

Այժմ Արտաշատի շրջակայքում գտնվող 12 գյուղական համայնքների հողատարածքները ոռոգվում են պոմպերով (Ազատի ջրամբարից, Քաղցրաշենի պոմպակայանով): Մեխանիկական ոռոգումը չի ծածկում նշված համայնքների հողատեսքերի ողջ պահանջը. 1230 հեկտարից ոռոգվում է միայն շուրջ 850-ը:

Նոր ինքնահոս համակարգը թույլ կտա խնայել տարեկան 500 մլն դրամ (պոմպի էներգիայի ծախսը) և ընդլայնել ոռոգվող տարածքները:

Ընդ որում, սպառվելու է այնքան ջուր, որքան նախկինում,  եւ Ազատ գետի ցամաքելու վտանգ չի ստեղծվում: Համակարգը կառուցվել է այնպես, որ գետում կպահպանվի 850 լ/վրկ-ից ոչ պակաս հոսք: Համակարգի մուտքը նախագծված է այնպիսի բարձրությամբ,  որ եթե գետի մակարդակը լինի նախատեսվածից ցածր, ջուրը համակարգ չի մտնի:

Այսպես թե այնպես, հավելյալ ջրառի մասին խոսք չի գնում: Նախկինում գյուղերը ոռոգման ջուր էին ստանում Ազատ գետից՝ ջրամբարից եւ պոմպով, հիմա՝ դարձյալ նույն գետից, ուղղակի ինքնահոս համակարգով, ընդգծեց Նալբանդյանը:

Ծրագիրը աջակցություն է նախատեսում նաեւ Գառնի համայնքին: Շուրջ 600 մլն դրամ կուղղվի Գառնիի մայր ջրանցքի և ներքին ցանցի նորոգմանը: Արդյունքում ջրի կորուստը կնվազի մոտ 35%-ով և կօգնի լրացուցիչ ոռոգել 280 հեկտար:

Լսումներին ներկա բնապահպանական ակտիվիստները պահանջել են վերահաշվարկել նախագիծը: Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը պնդեց, որ Հայպետհիդրոմետը գետի մակարդակը ավելի բարձր է ֆիքսում, քան իրականում կա: Որպեսզի նրանք ստանան իրենց հարմար թիվը, չափելուց առաջ կանգնեցվել էր տվել գետից սնվող ամբողջ ոռոգումը:

«Մենք կարող ենք հիմնվել միայն պաշտոնական տվյալների վրա եւ իրավունք չունենք օգտագործելու ոչ պաշտոնական տեղեկատվություն: Նաեւ ինքներս ենք շուրջ մեկ տարի մանրամասն հաշվարկներ արել», - պարզաբանեց Նալբանդյանը:

Նախագիծը կազմելիս հաշվի է առնվել, որ համակարգը մոտ է Խոսրովի արգելոցին ու Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին: Նոր համակարգի գլխամասը բավարար տարածության վրա է լինելու «Քարերի սիմֆոնիայից» (1,3 կմ), ինչպես նաեւ արգելոցից (գետի հակառակ ափին է):

Շինարարության ընթացքում նախատեսվում է հատել ոչ մեծ թվով ծառեր, սակայն հանձն է առվել դրանց քանակը վերականգնել 1/3 հարաբերությամբ:

Նշենք, ծրագիրն իրականացվում է Համաշխարհային Բանկի ծրագրով, Հայաստանին տրամադրվել է 30 մլն դոլար՝ մեխանիկական ոռոգման համակարգերն ինքնահոսերով փոխարինելու համար: Սա ՀԲ-ի թվով 4-րդ ծրագիրն է Հայաստանի ոռոգման ոլորտում: