Հունվարի 21-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային եւ ծոծրակային շրջանների ծակած-կտրած վերքեր, քթի սալջարդ, քթի արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Մուշեղ Գ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արծվաքար թաղամասի Գ. Միքայելյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 27-ամյա Արթուր Ա.-ն, 34-ամյա Վարազդատ Ա.-ն, 21-ամյա Ռազմիկ Ա.-ն, 22-ամյա Դավիթ Ա.-ն, 23-ամյա Անանիկ Ա.-ն, 23-ամյա Էրիկ Մ.-ն եւ 23-ամյա Մերուժան Մ.-ն ծեծի են ենթարկել 24-ամյա Արման Գ.-ին եւ Մուշեղ Գ.-ին: Ծեծկռտուքի ժամանակ Անանիկ Ա.-ն դանակով հարվածել է Մուշեղ Գ.-ի գլխին, իսկ նրա ընկերները ոտքերով եւ քարերով հարվածներ են հասցրել Մուշեղ Գ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենային` պատճառելով նյութական վնաս:
Արման Գ.-ն նույնպես տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
***
Հունվարի 21-ին, ժամը 17.30-ին, 34-ամյա Վարազդատ Ա.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում, հիվանդանոցում 49-ամյա Արտեմ Գ.-ն բռունցքով հարվածել է իր դեմքին եւ քթին` պատճառելով վնասվածքներ:
***
Հունվարի 21-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով, վերին շրթունքի անկյունի պատռած վերք, քթի շրջանի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա Ռազմիկ Ա.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արծվաքար թաղամասի անասնագոմեր տանող ճանապարհին, 24-ամյա Արման Գ.-ն եւ 27-ամյա Մուշեղ Գ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել իրեն` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























