Երեւանի «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալմամբ չենք սահմանափակվելու, կան բժիշկներ, որոնց պատասխանատվության հարցը նույնպես պետք է բարձրացվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց ԲԿ-ից հուլիսի 27-ին «Էրեբունի» տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը՝ անդրադառնալով նախօրեին Շուշանիկ Բախշյանի ձերբակալությանը:
«Մինչեւ այս մենք միջնորդություն էինք ներկայացրել՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու, մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Մենք արդեն ծանոթացել ենք հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, եւ մեր միջնորդությունը հենց դրանից է բխել: Մենք իրավաչափ ենք գնահատում քննիչի որոշումը եւ չենք սահմանափակվում միայն Շուշանիկ Բախշյանի ձերբակալմամբ: Դեռ բժիշկներ կան, որոնց պատասխանատվության հարցը պետք է բարձրացվի»,- ասաց Մարինե Թովմասյանը:
Փաստաբանը հայտնեց, որ իրենք միջնորդության մեջ նշել են հնարավոր բժիշկների ցանկը: Ինչ վերաբերում է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, այն նախաքննության փուլում հրապարակման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ:
Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:
Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։




























