Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պատասխանել է  «Գազպրոմի» հետ բանակցությունների վերաբերյալ ընդդիմության քննադատությանը: Նրա խոսքով, վերջերս ինքը բազմաթիվ մեղադրանքներ է լսում ռուսական ընկերության հետ բանակցությունների ոչ թափանցիկության վերաբերյալ:  

Ուրբաթ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իր հանդիպումն ամփոփելով` Կվիրիկաշվիլին հայտնել է, որ Վրաստանին գազի մատակարարման հարցը զուտ տեխնիկական բնույթ ունի: 

«Ուզում եմ ասել, որ Վրաստանի կառավարությունը կոչված է առավելագույնս պաշտպանելու իր երկրի շահերը: Այդ հարցը (գազի մատակարարումների) զուտ տեխնիկական է եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի», - ասել է նա, մեկնաբանում է Ինտերֆաքսը:

Հիշեցնենք, ավելի վաղ վրացական ընդդիմությունը, հատկապես Միասնական ազգային շարժման ներկայացուցիչները Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին մեղադրել էին, թե աջակցում է  «Գազպրոմի» շահերին` փորձելով երկիր ներմուծել ռուսական գազի լրացուցիչ ծավալներ, երբ, նրանց խոսքով, Ադրբեջանը կարող է ամբողջությամբ ապահովել դրա մատակարարումը: 

Ընդդիմադիրների տվյալներով, այսօրվա դրությամբ Ադրբեջանը մատակարարում է Վրաստանում օգտագործվող գազի  95 տոկոսը (մնացածը Վրաստանը ստանում է դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման հաշվին): Ավելին, 2018-ին կբացվի   «Շահ-Դենիզ-2» գազատարը, որից Վրաստանը, որպես տարանցման երկիր, գազի լրացուցիչ ծավալներ կստանա:

Մինչդեռ Քալաձեն պնդում է, թե «Ադրբեջանը, որը եղել եւ մնում է Վրաստանին գազի հիմնական մատակարարը, այս փուլում տեխնիկապես ի վիճակի չէ փակել ձմռանը  երկրում առաջացող պակասը»: