Ստամբուլում ինքնասպան է եղել ադրբեջանցի գործարար Ֆահրեդին Ալիեւը:

Ինչպես հայտնում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով egazete.tv-ն, միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Քյուչյուքեքմեչ թաղամասի «Սեֆակոյ» հրաձգարանում: Ֆահրադին Ալիեւը վարորդի հետ միասին հրաձգարան էր եկել: Ատրճանակից մի քանի անգամ թիրախի վրա կրակելուց հետո Ֆ. Ալիեւը վերջին փամփուշտն էլ ինքն իր գլխին էր արձակել: Ստացված վիրավորումից նա տեղում մահացել էր:

Սկզբում Vesti.Az –ը հայտնել էր, որ Ֆահրադին Ալիեւը Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսաարանի ու «Իսլամական համաժողով» երիտասարդական ֆորումի աշխատակիցն է: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին, որ ինքնասպան եղած ադրբեջանցին դիվանագետ չէր:

Ինչպես պարզել է «Ազերի փրես» գործակալության թուրք թղթակիցը, Ֆ. Ալիեւը ադրբեջանցի ձեռներեց էր, որը Թուրքիայում բիզնեսով էր զբաղվում: Նա Farko ընկերության սեփականատերն էր:

Ֆ. Ալիեւը նաեւ 2012 թ. հունիսին ստեղծված՝ Թուրքիայի ադրբեջանցի ձեռներեցների միության հիմնադիրներից մեկն էր: