Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունվարի 23-ին, հետաձգվեց ձերբակալված՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբանի բողոքի քննությունը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Շուշանիկ Բախշյանը նույնպես դատարանում է: Նիստը հետաձգվել է մի քանի ժամով եւ կկայանա ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ:

Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։