Հայաստանից կաթնամթերքի ու մսամթերքի արտահանումը Ռուսաստան ոչ մի կերպ չի տուժել: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության Սննդi անվտանգության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Մկրտչյանը` մեկնաբանելով Հայաստանում դաբաղի դեպքի պատճառով Հայաստանից Ռուսաստան կենդանական ծագում ունեցող մի շարք մթերքների արտահանման արգելքը:
Նա ընդգծել է, որ արգելքը վերաբերում է միայն ողջ անասուններին, որոնք զգայուն են դաբաղի նկատմամբ (խոզերին, խոշոր եւ մանր եղջերավոր անասուններին), դրանց գենետիկական նյութին եւ մսին, չվերամշակված ենթամթերքներին, ինչպես նաեւ այն կաթին եւ կաթնամթերքին, որոնք ջերմային մշակում չեն անցել:
Կենդանական ծագում ունեցող մնացած բոլոր մթերքները` մսային եւ կաթնային, որոնք ջերմային մշակում են անցել, ինչպես նաեւ ձկնարտադրանքը անխոչընդոտ արտահանվում են Ռուսաստան:
Եթե խոսենք կաթնամթերքի մասին, ապա գործնականում Հայաստանից Ռուսաստան է արտահանվում միայն պանիր, որը որոշակիորեն անցնում է ջերմային մշակում (եփվում է): Ինչ վերաբերում է մսամթերքին, չնայած Ռուսաստան արտահանելու թույլտվությունը ստացվել է 2014-ի նոյեմբերին, փաստացիորեն այն գրեթե չի արտահանվում:
Այսինքն արգելքն ընդամենը մասնակի է եւ ժամանակավոր: Եկող շաբաթ Հայաստան կգա Ռոսսելխոզնադզորի (Անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը) պետի տեղակալը` տեղում ծանոթանալու դաբաղի դեմ նախազգուշական միջոցառումներին:
Այսպիսով` Հայաստանի դեմ որեւէ պատժամիջոցի մասին բոլոր խոսակցությունները անիրավաչափ են, պարզաբանել է Մկրտչյանը: Հայաստանը, որպես Միջազգային էպիզոոտիկ բյուրոյի (ՄԷԲ) բարեխիղճ անդամ, ինքն է տեղեկացրել իր տարածքում դաղաղի առկայության մասին` այդ մասին հայտնելով նաեւ Եվրասիական միության գործընկերներին:
Հիվանդության աղբյուրի տեղայնացման եւ վերացման բոլոր միջոցառումներն արդեն ձեռք են առնվել, եւ հայկական կողմին մնում է ընդամենը շաբաթվա ընթացքում այդ մասին տեղյակ պահել ՄԷԲ-ին: Երբ էպիզոոտիկ սպառնալիքի բացակայությունը հաստատվի, ամենայն հավանականությամբ արգելքը կարճ ժամանակից կհանվի:
Հիշեցնենք, որ դաբաղը Հայաստանում գրանցվել էր դեկտեմբերին, Արմավիրի մարզի Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում:


























