Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը ճիշտ քայլ էր: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ի ղեկավար, քաղաքագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին հնարավորություն  էտվել խուսափել անցանկալի քաղաքական եւ տնտեսական ցնցումներից, որոնք տեղի են ունեցել շատ երկրներում: «2016 թվականը եւս լի է տարբեր մարտահրավերներով, որոնց դիմակայելու համար անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը ԵՏՄ անդամ երկրների հետ»,-հավելել է Արամ Սաֆարյանը:

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանի կարծիքով, Հայաստանը պետք է զարգացի հարաբերությունները բոլոր ուղղություններով, ոչ միայն ԵՏՄ անդամ երկրների, այլեւ Եվրոպայի, Չինաստանի, Իրանի հետ:

Անդրադառնալով տնտեսական բնույթի մարտահրավերներին, նա նշել է, որ առաջին մարտահրավերը Ռուսաստանի գնողութնակության անկումն է: «Երկրորդ մարտահրավերը ՌԴ-ից ստացվող տրանսֆերտների 30 տոկոսով կրճատումն է, իսկ երրորդ դժվարությունը կապված չէ ԵՏՄ անդամակցության հետ, խոսքը գունավոր մետաղների գների անկման մասին է»,-ընդգծել է Թավադյանը: