Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի վերաբերյալ:

Ըստ ՔԿ հաղորդագրության,  Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, և Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Մ.Մարգարյանի և նրա  նորածին դստեր մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել է, որ ծննդկանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել  «Շենգավիթ» բժշկական կենտրոնից, և քննիչի որոշմամբ նշված կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը և հղիության քարտը,  զննության են ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի, գինեկոլոգիական հիվանդների, սոմատիկ հիվանդների և ընդունարանի մերժման մատյանները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել մի շարք այլ քննչական գործողություններ։

Ստացված հանձնաժողովային փորձաքննության թիվ 197/հձ եզրակացության համաձայն՝  2015թ. հուլիսի 24-ին և 25-ին հիվանդանոցում Մ.Մարգարյանի զննությունից հետո` ջերմության առկայության պայմաններում (նաև անամեզում ջերմության առկայությունը բարձր թվերի  վրա) հիվանդին չհոսպիտալացնելը չի եղել հիմնավորված:

Ինչ վերաբերում է Մերի Մարգարյանի բուժօգնության և հետազոտությունների ընթացքում թույլ տրված բացթողումների և Մերի Մարգարյանի ու նորածնի մահվան պատճառական կապին, ապա հանձնաժողովը նշել է, որ 27.07.2015թ. ժամը՝ 09:00-ին,  հիմք ընդունելով արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքները (որոնց զարգացման պատճառները եղել են հղիության հետ կապված), և որ նշված փոփոխություններն ընթացել են արագընթաց, պետք է հնարավորինս ավելի շուտ կատարվեր ծննդալուծում, այդ թվում՝ կեսարյան հատման միջոցով:

Ըստ փորձագետների նշված բուժօգնության ցուցաբերման դեպքում Մերի Մարգարյանի և նորածնի փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շ.Բախշյանը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քննության արդյունքներով կայացվող հետագա դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։