Թուրքիայի արեւելյան շրջաններում անասնաբուժական պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, ինչն անասունների հիվանդությունների օջախ է դառնում: Այս մասին հունվարի 23-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության ղեկավար Հովհաննես Մկրտչյանը՝ մեկնաբանելով դաբաղի դեպքի պատճառով Հայաստանից կենդանական ծագման մի շարք ապրանքների ներկրման նկատմամբ սահմանված ռուսական արգելքը:
Տարածաշրջանի համար նոր տեսակի դաբաղը Հայաստանում գրանցվել է 2015 թվականի դեկտեմբերին, Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում:
Հաշվի առնելով, որ դաբաղը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, մինչեւ 200 կմ տարածությամբ, այն կարող է հեշտությամբ տարածվել նաեւ սահմանից այն կողմ, այդ թվում՝ Հայաստանում:
Թուրքիայի հետ սահմանին, հենց Թուրքիայում եւ Իրանում հայտնաբերված նոր տիպի դաբաղը (AG-VII) նորություն է ամբողջ տարածաշրջանի համար, եւ կայուն է Հայաստանում ներկայում կիրառվող պատվաստանյութերի դեմ: Ամենայն հավանականությամբ, այն տարածվել է Հնդկաստանից եւ Սաուդյան Արաբիայից:
Հայկական կողմի հատուկ պատվերով անհրաժեշտ միջոցը կպատրաստի Ռոսսելխոզնադզորի Կենդանիների առողջության պահպանության դաշնային կենտրոնը:




























