Եվրասիական միությունը կօգնի վերազինել Հայաստանի անասնաբուժական անալիզի լաբորիատորիաների հզորությունները: Այս մասին հունվարի 23-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության ղեկավար Հովհաննես Մկրտչյանը: Աջակցությունը ներառում է ամեն ինչ՝ շենքերի վերանորոգում, լաբորատոր վերազինում, մասնագետների վերապատրաստում:
Սարքավորումների մի մասը, այդ թվում՝ գենետիկ հետազոտությունների համար, արդեն ստացվել է (չշփոթել ԳՄՕ-ի անալիզի հետ): Այս անալիզը հիվանդությունների ավելի հստակ ախտորոշում է ապահովում: «Եթե սարքավորումներն արդեն ամբողջությամբ գործեին, մենք ավելի վաղ կարձանագրեինք, որ Հայաստանում գրանցված դաբաղը նոր տեսակի է: Այդ դեպքում ավելի վաղ նոր պատվաստանյութ կպատվիրեինք»,- նշեց Մկրտչյանը:
Տարածաշրջանի համար նոր տեսակի դաբաղը (AG-VII) գրանցվել է Հայաստանի Արմավիրի մարզի՝ Թուրքիայի հետ սահմանակից գյուղերից մեկում: Արտերկրի լաբորատորիայից անալիզի պատասխանը ստացվել է հունվարի 14-ին:
«Անալիզները, ամեն դեպքում, անհրաժեշտ է ուղարկել ռեֆերենտ լաբորիատորիա, դա միջազգայնորեն ընդունված գործընթաց է: Բայց եթե մենք ինքներս կարողանայինք ախտորոշել այն, ստիպված չէինք լինի պատասխանի սպասել եւ ավելի վաղ կսկսեինք պայքարել վարակի դեմ»,- պարզաբանեց Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ վարակի օջախն արդեն ոչնչացվել է: Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի աշխատանքային խումբ՝ Ռոսսելխոզնադզորի ղեկավարի տեղակալի գլխավորությամբ, հայկական կողմի աշխատանքներին ծանոթանալու համար: Եթե իրավիճակն անվտանգ գնահատվի, Հայաստանից կենդանական ծագման ապրանքների ներկրման ժամանակավոր արգելքը չեղյալ կհայտարարվի:




























