Ընտրակաշառք առաջարկելու արարքի համար գնդակահարությու՞ւն է հասնում Զավեն Միրիջանյանին: NEWS.am-ի հետ զրույցում այս հարցադրումը հնչեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով Միրիջանյանին ազատ արձակելու վերաբերյալ քննադատություններին, որն ընտրատեղամասերցի մեկում ընտրակաշառք էր առաջարկել ՀԱԿ անդամին, ինչը տեսագրվել էր:
«Նա ազատ չի արձակվել, երկու տարի պայմանական պատիժ է կրում, իր արարքի համար գնդակահարությո՞ւն է հասնում։ Դատավորները թող պարզաբանում տան, նա պատիժը կրել է համենայնդեպս»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցմանը, թե հանրաքվեի ժամանակ արձանագրված ընտրախախտումների մասին խոսելիս՝ ՀՀԿ ներկայացուցիչները վստահեցնում էին, որ ընտրակեղծարարները արջի ծառայություն են մատուցել իշխանությանը եւ օրենքով սահմանված կարգով բոլորը պատժվելու են, քանի որ այդպիսով միջազգային կառույցներում վտանգվում է պետության հեղինակությունը, մինչդեռ դրանից հետո դատարանի դահլիճից ազատ արձակվեց ընտրախախտում թույլ տված անձը, Բաղդասարյանը հակադարձեց. «Հիմա մեր ասածը հաստատելու համար մարդուն տանենք ընտանիքից կտրենք, դատապարտե՞նք, ինչ է, թե Հանրապետականն ասել է՝ պետք է պատժվեն մարդիկ։ Պատժվում է այնքանով, որքանով, որ նրան այդ արարքի համար հասնում է պատիժ կրել։ Կան փաստեր, հարուցված գործեր եւ հարուցված գործերի համար պատիժներ»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ ընտրախախատումներ թույլ տված անձանց բանտերը լցնելով` հարցերը չեն լուծվի, աստիճանաբար պիտի ազատվեն այդ խնդրից:
«Ես չգիտեմ՝ ովքեր ինչ են մեկնաբանում, ինչում են մեղադրում, մեր սեփական ժողովրդին կալանավորենք, տանենք բանտերը լցնե՞նք, իրենց արարքների համար համապատասխան պատիժները կստանան։ Աստիճանաբար պետք է բացառվեն նման երեւույթները, պետք է հասնենք նրան, որ նման երեւույթները պիտի բացառվեն»,-ասաց նա:
Նշենք, որ Զավեն Միրիջանյանը աշխատում է Կենտրոնի թաղապետարանում: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա, ըստ որի` Միրիջանյանը փորձել էր կաշառել երեւանյան ընտրական հանձնաժողովներից մեկի ՀԱԿ անդամին: Նա դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազարկման:




























