Գյումրի մինի կենդանաբանական այգու երկու արջերին հունվարի 22-ին տեղափոխել են Երեւանի կենդանաբանական այգի: Այս մասին այսօր ՝ հունվարի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու տնօրեն Ստեփան Վարդանյանը՝ նշելով, որ արջերը՝ Մաշան եւ Միշան, ժամանակավորապես կմնան Երեւանի կենդանաբանական այգում՝ Ռումինիա տեղափոխվելու համար պատվաստումներն անցնելու համար:
Մեզ հետ զրույցում Ստեփան Վարդանյանը նշեց, որ արջերին Ռումինիա տեղափոխելու համար կարանտինի շրջան է պահանջվում եւ Մաշան եւ Միշան մոտավորապես մինչև 1 ամիս կմնան Երևանում:
Ստեփան Վարդանյանի խոսքով, Գյումրիի մինի կենդանաբանական այգում երեք առյուծների հարցը դեռ անորոշ է՝ հնրավոր է, որ նրանք նույնպես տեղափոխվեն Երեւանի կենդանաբանական այգի:
Նշենք, որ NEWS.am-ին Երեւանի կենդանաբանական այգուց տեղեկացրել էին , որ Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու արջերը տեղափոխվում են Ռումինիայի «Լիբեարտի» արջերի ապաստարան, այնինչ առյուծների տեղափոխման հարցը դեռեւս քննարկման փուլում է, իսկ իրենք, աջակցելով Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին, 2 արջերի համար տրամադրել են ժամանակավոր կացարան՝ նրանց բուժզննումն ու անհրաժեշտ բոլոր գործընթացները կազմակերպելու համար:
Նշենք, որ Գյումրիում 2010 թվականից գործող մինի կենդանաբանական այգին այլևս չի կարող գոյատևել՝ կապված կենդանիների սնունդի, ջրի ու ձմեռային սեզոնին հատուկ հարմարությունների բացակայության հետ:





























