Դաշնության խորհրդում աջակցում են ռուսաստանյան կառավարության եւ Ֆինանսների նախարարության` սպիրտի շուկայում մենաշնորհ սահմանելու վերաբերյալ նախաձեռնությանը: Այդ մասին «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին տեղեկացրել է վերին պալատի սոցիալական հարցերի կոմիտեի փոխնախագահ Իգոր Չեռնիշեւը: 

Նրա խոսքով, նման միջոցները հնարավորություն կտան վաճառքից հանել  «այն սպիրտը, որն այժմ մեզ մոտ խմելի է համարվում եւ որի պատճառով մարդիկ են թունավորվում»: «Այսօր սպիրտի վաճառքից ով ասես, հարստանում է, պետությունից բացի, որը հետո բուժում է հարբեցողությունից տառապող մարդկանց», — նշել է Չեռնիշեւը:

Բացի այդ, սենատորն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ պետական մենաշնորհի սահմանումը զգալի գումար կբերի գանձարան: 

Այն մասին, որ նախարարների խորհուրդը ֆինանսների նախարարության հետ համատեղ  ուսումնասիրում է սպիրտի շուկայում մենաշնորհ սահմանելու հարցը, հունվարի  22-ին տեղեկացրել է փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը: