Ազատամարտիկներին ձերբակալությամբ չես վախեցնի ու ճնշի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ ազատամարտիկ Նազիկ Ամիրյանը՝ անդրադառանալով ազատամարտիկների այն հայտարարությանը, որ իրենց մարտական ընկերներին` Խաչիկ Ավետիսյանին, Վլադիմիր Առաքելյանին զինված խմբի գործով «հանիրավի ձերբակալելով` իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել իր դեմ ըմբոստացողների շրջանում»:
«Չեմ ընդունում էդպիսի բան, ազատամարտիկը երբեք չի վախենում: Եթե ազատամարտիկն առանց վախենալու, առանց վարանելու իր կյանքը դրել է հայրենիքի համար, նա երբեք վախի զգացողություն չի ունենա»,-ասաց Նազիկ Ամիրյանը՝ հավելելով, որ անգամ ձերբակալությամբ չի ճնշվի ազատամարտիկը:
«Ազատամարտիկները բոլորն էլ պատերազմի տարիներն ունեցել են իրենց ներդրումը, բայց իմ կարծիքով, եթե որեւէ մեկը, այդ թվում ես, օրենք ենք խախտում, իմ հանդեպ եւս պետք է կիրառվեն նույն մեթոդները: Հետաքննությունը կպարզվի, եթե մեղք չունեն, վստահ եմ` մեր երկրի ղեկավարությունը ազատամարտիկի հանդեպ վատ բան չի կիրառի: Միանշանակ, ես իմ վրա եմ օրինակը բերում, ես ազատամարտիկ եմ եղել, եթե ես սխալ կատարեմ ու պետությունն ապացուցի, ուրեմն պիտի պատժվեմ»,-ընդգծեց նազիկ Ամիրյանը:
Ինչ վերաբերում է իր մարտական ընկերների այն պնդումներին, որ ազատամարտիկը երբեք պետության դեմ ոտնձգություն չի անի, Նազիկ Ամիրյանը առաջարկեց սպասել քննության ավարտին:




























