«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր՝ հունվարի 23-ին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Հանդիպման մասնակիցներից մի կին հետաքրքրվել է 2008 թվականին հարթակում գտնվող Նիկոլ Փաշինյանի դերակատարմամբ եւ պատասխանից չգոհանալով՝ վիրավորել Փաշինյանին ու հեռացել։
«2008 թվականին իմ մասնակցության ինչ-որ հեռախոսազրույցներ են դրել շրջանառության մեջ ու ասել՝ ահա ամբողջ ճշմարտությունը, իսկ որեւէ մեկն ասե՞լ է՝ իմ հեռախոսազրույցների մեջ կոնկրետ ինչն է խնդիրը։ էն ինչ, որ ես էդ հեռախոսազրույցի մեջ ասել եմ 2008 թվականին, նույն իրավիճակում կասեի հիմա։ Անկեղծ ասաց, ես շատ հպարտ եմ, որ էդ օրը ես խոսել եմ էդպես, էդ տեքստով եւ շատ հպարտ եմ էն ամեն ինչի համար, որը ես էդ օրը արել եմ, ինչ որ էդ օրը ձեռնարկել եմ, ուղղված է եղել բացառապես հայ ժողովրդի օրինականությունը, Սահմանադրությունը պաշտպանելուն»,-հայտարարել է Փաշինյանը:
«մարդ սպանելո՞վ»,- արձագանքել է կինը, որին Փաշինյանը հակադարձել է․ «Դուք տեղեկություն ունեք, որ ես մարդ եմ սպանե՞լ, դիմեք հատուկ քննչական ծառայությանը, նոր դիմեք ինձ»։ Ի պատասխան այս դիտարկմանը, քաղաքացին ասել է․ «Շատ լավ գիտենք՝ այդ մարմինները ինչ ձեւի են աշխատում, ես չունեմ էնտեղ դիմելու, էնտեղ աշխատում են լկտի, ստախոս տականքներ, ինձ մի ուղարկեք էնտեղ: Արել ես, պատասխան եմ պահանջում։ Ինչ ասել ես, լսել ենք, ասա՝ 2008 թվականին ինչ արեցիր ու ինչի 137 հոգի մարդ մեռավ ու էսօր պատասխան չկա, եւ ինչի քո նմանները, որ քաղաքական դաշտում իրենց ճղում են ու ընդդիմություն են ցույց տալիս, ինչի փոփոխություն չկա, ինչ ինստիտուցիոնալ, ժողովուրդը էսօր մեռնում ա»,-գոռգոռացել է կինն ու հեռացել, ապա քիչ անց վերադարձել, հասցեն թողել՝ սպառնալով․ «Ոչնչացնելու եմ, քեզ երկերեսանի»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկման էր հրավիրել այն մարդկանց, ովքեր սոցցանցերում մեղադրանքներ էին հնչեցրել, թե իբր «Փաշինյանի ու Բաղրամյան 26-ի կապերի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ունեն։




























