Երեւանում հունվարի 6-ին դանակի 14 հարված ստացած, 16-ամյա Խաչիկ Ղազանչյանի վիճակում մինչ օրս որեւէ դրական տեղաշարժ չի նկատվում, նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արաբկիր» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիական եւ վիրաբուժական ինտենսիվ թերապիայի բաժանմունքից:
Խաչիկ Ղազանչյանի ճնշումը կարգավորվում է դեղորայքի միջոցով: Երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նշենք, որ հարազատների խոսքով՝ Խաչիկ Ղազանչյանին դանակի 14 հարված է հասցրել 18-ամյա Սուրեն Մուրադյանը, որը նրա մտերիմ ընկերն է: Նրանց պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ Խաչիկը, Սուրենն ու մեկ այլ տղա գնալիս են եղել իրենց ընկերոջ ծննդյան տոնին: Ծնողների համար անհայտ է` ինչու են տղայի հետ նման կերպ վարվել: Նրանք նաեւ տարօրինակություններ են նկատել կասկածյալի մոտ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: Դանակահարության մեջ կասկածվողին որոնում են:




























