Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը հաստատում է, որ հունվարի 23-ին գնացել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, երբ վատացել է բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ինքնազգացողությունը:
«Ինձ հրավիրել են, ես գնացել եմ: Առաջին անգամ էր, որ ինձ հրավիրում էին»,- ասաց Հանրապետության գլխավոր ինֆկեցիոնիստը:
Ասոյանի խոսքով՝ Շուշանիկ Բախշյանի վիճակն այնպիսին է, ինչպես գրիպով հիվանդ մյուս մարդկանց:
«Մի երկու օր կմնա մեզ մոտ, հետո արդեն տուն կգնա»,- նշեց նա:
Հարցին, թե ինքը գրիպով հիվանդ բոլոր մարդկանց մոտ է «Շտապօգնության» մեքենայով գնում, Արա Ասոյանը չպատասխանեց՝ նշելով, որ զբաղված է եւ այլ հարցերի պատասխանել չի կարող:
Նշենք, որ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները համոզված են, որ Բախշյանն ու Ասոյանը մտերիմ հարաբերություններ ունեն եւ բժշկուհու հոսպիտալացվելը բեմադրություն է:
Նշենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին պարտավորեցրել է քննիչին ազատ արձակել նախօրեին ձերբակալված Շուշանիկ Բախշյանին, որը կասկածվում է ծննդկան Մերի Մարգարյանի եւ վերջինիս նորածին դստեր մահվան մեջ:
Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:
Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։




























