Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ եւ դժվարանցանելի են մի շարք ճանապարհահատվածներ: Վարորդներին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին, ժամը 10-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում:
Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:
Բքի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները, Ծիլքար-Արագած, Գյումրի- Բավրա հատվածները, Ջաջուռի լեռնանցքը, Ֆանտան-Ջրաբեր, Զանգեր-Գորհայք ճանապարհահատվածները:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն, եւ նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ բացառապես ձմեռային անվադողերով:
Տեղացած ձյունը բարդություններ է առաջացրել նաեւ Երեւան քաղաքում: Մայրաքաղաքում երթեւեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն եւ երթեւեկել ձմեռային անվադողերով:




























