Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով անօրինական էր համարել «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում կբողոքարկի որոշումը:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 23-ին ապօրինի է համարել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ կասկածվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը եւ պարտավորեցրել քննիչին ազատ արձակել նրան:
Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:
Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։




























