Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հակահայկական զեկույցների ընդունման հավանականությունը բավական մեծ է, բայց դրանք որեւէ նշանակություն չեն ունենալու։ Այս մասին հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ դրանք նման բնույթի ոչ առաջին եւ ոչ էլ վերջն զեկույցներն են։ «ԵԽԽՎ փաստաթղթերը մնում են միայն որպես փաստաթուղթ։ Դա այն կառույցը չէ, որը զբաղվում է հակամարտություններով։ Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվում է եւ զբաղվելու է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ընդգծել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ վերոնշյալ զեկույցները չարժեն, որ նրանց շուրջ Հայաստանում նման աղմուկ բարձրանա։ Այն Ադրբեջան, որը սկսել է այդ խաղը, այլեւս չկա, կարծում է քաղաքագետը։ «Ներկայիս Ադրբեջանը դրանից օգտվել արդեն չի կարող։ Նա ԵԽԽՎ-ի ժամանակը չունի»,- ասել է Իսկանդարյանը։
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված են Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերը:




























