Ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Ս.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Ս.-ն հայտնել է, որ 2014 թվականի նոյեմբերին ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողը պարբերաբար բռնություն է կիրառել իր նկատմամբ, նսեմացրել է արժանապատվությունը, որպեսզի խոստովանի Արարատի մարզի բնակիչ Հ. Գ.-ին սպանելու հանգամանքը, սակայն իրականում ինքը որեւէ առնչություն չունի հիշյալ սպանության հետ: Ինքը քրեական գործի նախաքննության փուլում այդ մասին չի հայտնել` նպատակ ունենալով հայտարարել դատաքննության ընթացքում:
Արմեն Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























