ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման եւ սպանության դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կամիտեից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն առերեւույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով զինված, մուտք են գործել Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ, 1929թ. ծնված Կառլեն Իսրաելյանի կացարան, որտեղ վերջինս գտնվել է իր որդու՝ 1959 թ. ծնված Ռազմիկ Իսրաելյանի հետ, եւ գումար պահանջել։ Մերժում ստանալով՝ տուն ներխուժած անձինք առանձին դաժանությամբ դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել հայր եւ որդի Իսրաելյաններին, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից Ռ.Իսրաելյանը մահացել է, իսկ Կ.Իսրաելյանը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ եւ նշանակվել փորձաքննություններ։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ են տրվել ոստիկանության համապատասխան  ստորաբաժանումներին։