Հայաստանում ալյուրը եւ հացն էժանանում են, բայց առայժմ` ոչ այնքան նշանակալիորեն: Այդ մասին հունվարի 25-ին լրագրողներին հայտնել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Կարեն Չիլինգարյանը:
Կազմակերպության դիտարկումների համաձայն, վերջին կես տարվա ընթացքում ալյուրն էժանացել է մոտավորապես 10 տոկոսով, այսինքն 50 կգ-անոց պարկն էժանացել է հազար դրամով` 11-ից նվազելով մինչեւ 10 հազար (20 դոլարից մի քիչ ավելի): Մանրածախ առեւտրում հացն էժանացել է 5 – 10 տոկոսով, կամ էլ 10 դրամով:
Չիլինգարյանի խոսքով, իհարկե, բացի ալյուրից պետք է հաշվի առնել նաեւ էլեկտրականությունը, որը թանկացել է եւ աշխատավարձերը: Այդ պատճառով միայն ալյուրի հաշվին հացը չէր կարող զգալիորեն էժանանալ: Ինչպես կարծում է փորձագետը, պետք չէ մոռանալ, որ հացի գինն աննկատ փոփոխելն ավելի հեշտ է, քան շատ այլ ապրանքների դեպքում: Գինը կարելի է առաջվանը թողնել, իսկ քաշը մի քիչ փոխել` 30 – 50 գրամի սահմաններում: Եվ սպառողը, բնականաբար, դա չի նկատի: Այդ պատճառով դժվար է գլուխ հանել, թե որտեղ է հացն իրոք էժանացել, որտեղ` ոչ: «Այս դեպքում գնորդը լիովին իրավունք ունի խանութներում կշռել տալ հացը», - հավելել է նա:
Նշենք, որ հայկական ալրաղաց ձեռնարկությունները բողոքում են ռուսականների հետ անհավասար մրցակցությունից, որոնց համար ռուբլու փոխարժեքի անկումից հետո ավելի հեշտ է հայկական շուկայում էժան ալյուր ներկայացնել: Միաժամանակ, հաց թխող կազմակերպություններն առայժմ հայկական ալյուրի պահուստներ են օգտագործում:




























