2016թ. առաջին երեք շաբաթները ֆինանսական շուկայի խաղացողների համար վերջին մի քանի տասնամյակների ամենավատ տարվա մեկնարկն էին։ Այս մասին գրում է Deutsche Wirtschafts Nachrichten թերթը՝ վերլուծելով գլոբալ տնտեսության վրա ազդող գործոնները։

Ամենակարեւոր գործոններից մեկը ուժեղ դոլարն է, որը նվազեցնում է ամերիկյան ընկերությունների արտասահմանյան մասնաճյուղերի եկամուտը։ ԱՄՆ Դաշնային բանկի արժութային քաղաքականության հետագա խստացումը նույնպես ֆոնդային շուկայի անկման պատճառ է հանդիսանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ճգնաժամի վրա մեծ է նաեւ Չինաստանի ազդեցությունը, շարունակում է թերթը։  Ֆինանսական ոլորտում Չինաստանի կառավարության գործողությունները աշխարհում անվստահության մեծ ալիք են առաջ բերել։

Եզրափակիչ ակորդը իհարկե հասցնում է նավթը, որի գլոբալ վերարտադրումը կուժեղանա Իրանի դեմ պատժամիջոցների եւ ամերիկյան նավթի արտահանման արգելքի չեղարկումից հետո, ասված է հոդվածում։

Այս գործոնները ստեղծում են տնտեսական իրավիճակ, որը անխուսափելիորեն հանգեցնելու է 2008թ. ճգնաժամի նման իրավիճակի, թեպետ իրադրությունը կարող է ավելի անկանխատեսելի լինել, եզրափակում է թերթը։