2016թ. համաշխարհային քաղաքականության մեջ լինելու է ամենաբարդ տարիներից մեկը: Այս մասին այսօր` հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
«Մենք էլ վատ կետերից մեկում ենք գտնվում եւ այս պարագայում հանգիստ կյանք չեմ կարծում, որ կլինի: Ղարաբաղյան կարգավորման հարցում նոր վճռորոշ փուլ է մոտենում եւ երեւում է, որ եվրոպական կառույցները` ելնելով իրենց շահերից, փորձում են հավասարություն ապահովել եւ հայկական, եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Ադրբեջանը, Եվրոպային իր մատուցած ծառայություններից ելնելով, ակնկալում է, որ իր հանդեպ Ղարաբաղյան կարգավորման հարցում լինելու է մեղմ մոտեցում, որը բավականին վտանգավոր է»,-ասաց Վարդան Խաչատրյանը:
ԱԺ նախկին պատգամավորի խոսքով, 2016թ. տարածաշրջանում նույնպես նոր զարգացումներ են սպասվում: «Տարածաշրջանում նույնպես լինելու է վայրիվերումների տարի թե ղարաբաղյան հարցի կարգավորման, թե ներքաղաքական զարգացումների առումով: Այս ամենին գումարվելու է այն հանգամանքը, որ Թուրքիան երեք ռազմաճակատ ունի եւ թեժ պատերազմի վտանգ կա»,-ասաց նա:




























