Ստրասբուրգում Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարությունն ավելի բարենպաստ է եղել: Այդ մասին հունվարի 25-ին լրագրողներին հայտնել է խմբի անդամ, Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:  

Նրա խոսքով, հնարավոր հակահայկական ձեւակերպումները հանվել են եւ փաստաթուղթն ընդունվել է գրեթե միաձայն: Մասնավորապես, նշանակալի են հայտարարության այն կետերը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին: Այսպես, թիվ 11 կետում նշվում է, որ հանձնաժողովն աջակցում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, որոնց վերաբերյալ բազմիցս կոչեր են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ավելին, Հայաստանի եւ ԵՄ-ի խորհրդարանականները հիշեցնում են. 2015-ի սեպտեմբերի 26-ին ՄԽ-ի համանախագահները նշել են, որ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմների մանրամասները` Ադրբեջանին կոչ անելով նույն կերպ վարվել:  «Վերջերս լարվածության աճն անկասկած ցույց է տալիս, որ ստատուս քվոն անկայուն է դարձել եւ ՄԱԿ-ի կանոնակարգի, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորման այլընտրանք չի կարող լինել», - նշել է Վարդանյանը: