«Հանուն օրենքի» հասարակական շարժման մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ հունվարի 25-ին, Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիայով արտահայտեցին իրենց մտահոգությունը հունվարի 26-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում նախատեսվող երկու հակահայկական բանաձեւերի շուրջ լսումների առնչությամբ։

«Մեծ վրդովմունք է առաջացնում բրիտանացի պատգամավորի զեկույցը, որում նա հայերին անվանում է զավթիչներ` այսպիսով թեւ եւ թիկունք տալով Ադրբեջանի ագրեսիվ եւ ոչ ադեկվատ պահելաոճին ու վտանգելով խաղաղությունը տարածաշրջանում: Վերոնշյալ զեկույցները միակողմանի են եւ բխում են միմիայն Ադրբեջանի շահերից: Մենք չենք հանդուրժելու որեւիցե ընդվզում Ղարաբաղի ազատագրված տարածքների նկատմամբ, դրանք ազատագրվել են 6000-ից ավելի մարդկանց արյան գնով»,- դեսպանատան առջեւ հայտարարեց հասարակական շարժման համակարգող խմբի անդամ Արման Ղուկասյանը։ 

Շարժման անդամներին մոտեցավ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ամիաս Մուրզը, որի միջոցով ակցիայի մասնակիցները փոխանցեցին դեսպանին ուղղված իրենց պահանջը` միջնորդելու, որպեսզի բրիտանացի պատգամավոր Ռ.Ուոլթերը հրաժարվի ԵԽԽՎ-ում իր հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցից։

Ամիաս Մուրզը խոստացավ այն հանձնել դեսպանին՝ չերաշխավորելով, սակայն, որ որեւէ կերպ կբավարարվի շարժման անդամների պահանջը։

Ակցիայի կազմակերպիչները հայտարարությունից բացի բրիտանական դեսպանատանը փոխանցեցին նաեւ հայկական իշխանի խավիար` որպես սիմվոլիկ «կաշառք»` այդ կերպ ընդգծելով, որ ԵԽԽՎ-ն կուլ է գնում ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը:

Փոխդեսպանը սակայն չընդունեց խավիարը՝ ասելով, որ «դեսպանը բուսակեր է», փոխարենը շարժման երկու ներկայացուցիչ հրավիրեց դեսպանի հետ քննարկելու իրենց մտահոգությունները, երիտասարդները սակայն հրաժարվեցին դեսպանի հետ հանդիպումից։

Ակցիայի ավարտին լրագրողների հետ զրույցում շարժման համակարգող անդամ Արման Ղուկասյանը նշեց, որ նպատակահարմար կլինի դեսպանի հետ հանդիպում ունենալ ԵԽԽՎ-ում զեկույցների հետ կապված զարգացումներից հետո։

Արման Ղուկասյանի խոսքով՝ եթե այդ երկու զեկույցները ընթերցվեն եւ հաստատվեն ԵԽԽՎ-ում, այդ կառույցը  կկորցնի իր հեղինակությունը ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային հարթակներում։

Նշենք, որ շարժման անդամներին մտահոգող մյուս զեկույցը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» վերնագրով,  հեղինակել է Բոսնիա եւ Հերցեգովինան ներկայացնող Մ.Մարկովիչը։