Երեւանում տեղացած ձյունը ու կոմունալ ծառայությունների անշտապողականությունը, որոնք միայն կեսօրին էին դուրս եկել ձյան վրա ավազ լցնելու, դարձել է բազմաթիվ, մանր ՃՏՊ –երի, վարորդների նյարդային վիճակի ու ավտոմոբիլային վարպետների եկամուտի պատճառ:

Նման ՃՏՊ-ներից մեկը տեղի էր ունեցել Սարյանի փողոցին հարակից նեղլիկ ուղղաձիգ զառիվայրում: Այդ պատահարից միանգամից վեց ավտոմեքենա էր վնասվել: Առաջ անցնելով ասենք, որ բարեբախտաբար վարորդներից ու ուղեւորներից ոչ մեկը չի տուժել:

Փորձելով բարձրանալ Սարյանին հարակից ուղղաձիգ զառիվայրով՝ ճանապարհի կեսին տեղապտույտ էր արել մի մարդատար մեքենա: Բլրի վերեւից կատարվածին հետեւող ջիպի վարորդը չգիտես ինչու որոշել էր առաջ շարժվել: Մեքենան սահել է ու տեղի է ունեցել բախում, որի հետեւանքով մարդատար մեքենան զրկվել էր իր լուսարձակից ու շթից, իսկ ջիպի շթի վրա էլ ճաք էր գոյացել: Մի քանի րոպե հետո այդ նույն ճանապարհով սկսել էր իջնել մեկ այլ ջիպ՝ չնկատելով բարձրացող ավտոմեքենան: Պատահարի վայրի մոտով իջնող ու բարձրացող մեքենաները հանդիպել էին: Մի քիչ մտածելուց հետո, բարձրացող ավտոմեքենան զիջել է ճանապարհը, սակայն արդեն ուշ էր: Ջիպը սահել է ու կողքով հարվածել վերոնշյալ մարդատարին:

Կարգավորելով վիճահարույց հարցերը, մեքենաները սկսել են շարժվել: Բայց այդ ժամանակ հայտնվել էր մի BMW, որը շարժման մեջ կողքով հարվածել էր այդ նույն մարդատարին, հետո ցած գլորվել ու բախվել կայանած ջիպին: Հիստերիկ ծիծաղով՝ տուժած մեքենաների վարորդները փորձել են մյուս վարորդներին զգուշացնել, որ փողոց մտնելը վտանգավոր է: Բայց ապարդյուն: Փորձելով շրջանցել երթեւեկության մյուս մասնակիցներին, կտրուկ զառիվայրի վրա է սլացել «Պեժոն» ու բախվել...ճիշտ է՝ այնտեղ կանգնած ջիպին:

Միայն երբ բոլոր հարցերը կարգավորվել են, տարածքում հայտնվել է այն մեքենան, որը փողոցներում ավազ էր ցանում:

Իհարկե վարորդների մեղքը կատարվածում չի քննարկվում: Բայց սա հենց այն դեպքն է, երբ իրավասու մարմինների անգործությունը ( տվյալ դեպքում խոսքը փողոցները մաքրող ու երթեւեկության անվտանգությունն ապահովող մարմինների մասին է) դարձել է ՃՏՊ-ի պատճառ, որի հետեւանքով միանգամից մի քանի մեքենա է տուժել: Շատ լավ կլիներ, եթե ճանապարհային ոստիկանությունը բարձրացներ նմանատիպ ՃՏՊ-ներում կոմունալ ծառայությունների պատասխանատվության հարցը: