2015թ. դեկտեմբերի վերջին «Սանիթեքի» կատարած մաքրման եւ աղբահանության աշխատանքները թերի են եղել: Այս մասին այսօր` հունվարի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սանիթեք» ՍՊԸ-ի սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը` նշելով, որ այդ խնդրի ամբողջ պատասխանատվությունը «Սանիթեքն» է կրում:
«Մենք որոշակի կազմակերպչական, տեխնիկական խնդիրներ ունեինք, որոնք այժմ արդեն լուծված կարելի է համարել, իսկ մյուս խնդիրն արդեն բնությունն է` Մոսկվայում, Նյու Յորքում էլ նույն խնդիրը կա այժմ: Բայց սա չի նշանակում, որ ես փորձում եմ արդարանալ, չմոռանանք, որ ամբողջ պատասխանատվությունը մեր վրա է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք նախկին սխալը կրկնելուց խուսափելու համար», - ասաց նա:
Նիկոլաս Թավիլի խոսքով, լուրերը, թե տոնական օրերին աշխատանքի թերացումը պայմանավորված է եղել քաղաքապետարանի կողմից վճարման ուշ փոխանցման հետ, չեն համապատասխանում իրականությանը, նրա խոսքով, դրանք բամբասանքներ են, եւ քաղաքապետարանի հետ նման խնդիր երբեք չի առաջացել:
«Հայաստանում մենք 1 տարի է, ինչ գործում ենք, եւ շատ փոքր խնդիրների կուտակման արդյունքում էր, որ որոշ խնդիրների ու դժգոհությունների առջեւ կանգեցինք, դրանք այժմ արդեն լուծվել են եւ մեր ընկերության աշխատակիցները 24 ժամ աշխատում են այդ խնդիրներից խուսափելու համար: Եթե համեմատենք նախկին պատկերն այժմյան պատկերի հետ, կտեսնենք, որ 98 տոկոսով կարողացել ենք խուսափել նախկին սխալներից»,- ասաց Նիկոլաս Թավիլը:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դժգոհությանը` տոնական օրերին «Սանիթեք» ընկերության կատարած սանմաքրման աշխատանքների հետ կապված ՝ Նիկոլաս Թավիլը նշեց, որ դա նորմալ է, եթե քաղաքապետը բացթողումներ է նկատել, պետք է դրանք բարձրաձայներ եւ զգուշացներ:




























