ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանժնաժողովի ղեկավար Վարդան  Այվազյանը NEWS.am-ի հետ զրույցում  հայտարարեց, թե  Հանրապետական կուսակցության համար երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումը, քաղաքացու արժանավայել կյանքն ավելի կարեւոր են, քան քաղաքական ամբիցիաները եւ այդ պատճառով էլ  չեն զլանում կոալիցիա կազմել ու գործադիրում  պորտֆելներ զիջել նաեւ ՀՅԴ-ին։  Թե որ պորտֆելները, չասաց․ «Շարքյաին մահկանացուիս խնդրում եմ զերծ պահեք ՀՅԴ-ին տրվող պորտֆելների հարցից, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»։

«Որ գոռանք շատ վատ է, դրանից բան չի փոխվի, համատեղ աշխատանքը բոլոր դեպքերում ողջունելի է։ Քաղաքական կուսակցությունների նպատակը ազգաբնակչության  արժանավայել կյանքի ստեղծումն է։ Եթե մարդիկ լծվում են այն իրականացնելու գործին, ուրեմն ողջունելի է։ Որ գոռանք շատ վատ է վիճակը, դրանից որեւէ բան չի փոխվի»,- ասաց Այվազյանը։

Այվազյանը չբացառեց, որ կուսակցության կուլիսներում  կոալիցիա կազմելուն ընդդիմացողներ կան, սակայն դա վերագրեց ՀՀԿ-ի ներսում կարծիքի ազատությանը։ 

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ  այդ քայլով Հանրապետականը վարձահատույց է լինում սահմանադրական փոփոխությունների հարցում իրեն սատարած Դաշնակցությանը եւ ապահովում նրա մշտական 5 տոկոս քվեն գալիք խորհրդարանական ընտրություններում, ասաց․ «Կոալիցիոն գործընթացը համատեղ գործելու ցանկություն ու  հնարավորություն է։ Հանրապետականը, երբ նախկինում 2008-ին կոալիցա կազմեց ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ, այնպես չէ, որ խնդիր ուներ։  Ազգի պետության առջեւ ծառացած խնդիրների միասնական լուծման նպատակն ավելի բարձր է, քան մի կուսակցության ամբիցիաները։  Մենք չենք ասում՝ բոլոր նախարարները, մերը պիտի լինեն։ Նախկինում եղել է, որ նախարարի պաշտոնը տվել ենք Հանրապետականին մոտ կանգնած մարդու, ոչ Հանրապետականի։ Այսինքն, մեր համար դա խնդիր չէ, որ միայն մենք տնօրինենք, իսկ թե ՀՅԴ-ն 2017-ին ինչպես կհաղթահարի իր ուղին, դա իր խնդիրն է»։

Վարդան Այվազյանը նշեց, որ Դաշնակցության հետ կոալիցիա կազմելու որեւէ խոչընդոտ չկա, հայ-թուրքական արձանագրությունների հարցն էլ է փակված. «Դուք ռեա՞լ եք համարում, որ թուրքական պառլամենտը կարող է վավերացնել հայ- թուրքական արձանագրությունը։ Այդ գործընթացը ավարտված է, ուղղակի  Հայաստանի Հանրապետությունը այդ գործընթացի մեջ հստակ իր ուրոշումն ունենալով՝ ցույց տվեց, որ պատրաստ է երկխոսության»։