Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված եւ հունվարի 25-ին ստորագրությամբ ազատ արձակված Նելլի Մինասյանը հավատում էր, որ իրեն ազատ կարձակեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Նարինեն: Տիկին Նարինեի խոսքով, Նելլին իրեն լավ է զգում, շատ ուրախ է եւ արդեն հասցրել է ընկերների ու հարազատների հետ հանդիպել:
«Ինչ ազատ են արձակել, դեռ չեմ էլ հասցրել հետը նորմալ խոսել, դեռ երկուսով չենք մնացել, նորմալ հաց էլ չի կերել դեռ: Կարոտել էին բոլորը, բարեկամները, ընկերները եկել են տեսնելու նրան»,-ասաց տիկին Նարինեն:
Մոր խոսքով` Նելլին կալանավայրից դժգոհություններ չի ունեցել։ Անձամբ Նելլիի հետ զրուցել չհաջողվեց։
Նշենք, որ բացի Նելլի Մինասյանից այսօր ստորագրությամբ ազատ են արձակվել նաեւ Սրբուհի Այվազյանը, Լիլիթ Թորոսյանը, Հայկ եւ Հրանտ Վարդանյանները:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի, տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը եղած խմբի 9 անդամները ձերբակալվել, ապա կալանավորվել են: Դրանից հետո նույն գործով տարբեր ժամանակներում կալանավորված անձանց թիվը հասնում է երեք տասնյակի։ Ըստ ԱԱԾ–ի` նրանք ծանր հանցագործություններ էին պատրաստվում իրականացնել ՀՀ տարածքում, այդ թվում` պետական, քաղաքական գործիչների, իշխանության մարմինների նկատմամբ:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցելը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




























