Երեւանցիները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում քաղաքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ՍՊԸ-ի լիբանանցի սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը, որն արդեն 1 տարի է, բնակվում է  Երեւանում: Նրա խոսքով,  Երեւանի շատ բնակիչներ հետեւողական են «Սանիթեքի» կատարած աշխատանքներին եւ շատ անգամ իրենց դժգոհությունն են հայտնում ընկերության թերությունների կամ շնորհակալությունը` կատարված  լավ աշխատանքի վերաբերյալ:

«Բնակիչներ կան, որոնք տարբեր վարչական շրջաններից զանգում, կամ գալիս են մեր գրասենյակ, որպեսզի խոսեն մեզ հետ, տեղեկացնեն, որ կոտրված աղբարկղեր կան, կամ մարդիկ աղբարկղի կողքն են թափել աղբը եւ մենք իրենց շնորհիվ կարողանում ենք վերացնել այդ թերությունները: Բնակչության մեծ մասը մեծ հոգածությամբ է վերաբերվում քաղաքին, բայց հակառակն էլ է պատահում, երբ քաղաքը կեղտոտում են»,-ասաց Նիկոլաս Թավիլը:

Անդրադառնալով այն խնդրին, որ երեւանցիները հաճախ են բողոքում իրենց պատուհանի կամ շենքի մուտքի մոտ տեղադրված աղբամաններից, 30-ամյա տնօրենը տեղեկացրեց, որ աղբամանների տեղադրման հարցերը մի քանի գործոններ հաշվի առնելով են որոշվում`  Երեւանի վարչական շրջանների ղեկավարների կողմից:

«Բնակիչներն ինչ-որ սկզբունքից ելնելով չեն ցանկանում, որ այդ աղբարկղը իրենց շենքի մոտ լինի, օրինակ, երբ ուղղակի չեն ուզում, որ իրենց պատուհանից աղբամանն երեւա:  Մենք  9 հազարից ավելի աղբաման ունենք, եւ աղբամանը տեղադրելիս մի քանի գործոն է հաշվի առնվում, օրինակ, թե քանի հետիոտն է այդ տարածքով անցնում, ինչքան է հեռավորությունը աղբամանների միջեւ, քանի մարդ է բնակվում տվյալ տարածքում, շենքում եւ դա որոշվում է ոչ թե մեր, կամ քաղաքապետարանի կողմից, այլ վարչական շրջանի ղեկավարի կողմից, քանի որ իրենք մշտական կապ ունեն համատիրությունների հետ»,-ասաց նա` վստահեցնելով, որ «Սանիթեքն» աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան։