Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 15-ամյա Այդան Ասքերզադեն ինքնասպան է եղել՝ ծովը նետվելով:

AzVision.az կայքին տված հարցազրույցում դպրոցի տնօրեն Մեթենաթ Աբդուլաեւան հայտարարել է, որ Այդան Ասքերզադեն մահից առաջ գրություն է թողել: Տնօրենի խոսքով, ինքնասպանության պատճառը աղջկա ընտանիքի ծանր սոցիալական վիճակն է:

«Այդանը շատ զգայուն աղջիկ էր: Ուսուցիչները նրանից գոհ էին, նա միշտ պատրաստ էր գալիս դասերին, ոչ ոք նրանից չի բողոքել: Այդանը մահից առաջ գրություն է թողել մորը, որտեղ ներողություն է խնդրում եւ նշում, որ չի ցանկանում բեռ լինել ընտանիքի վրա: Աղջիկը մեծացել է աղքատ ընտանիքում, նա երկվորյակ քույր ունի: Երկուսն էլ սովորում էին նույն դասարանում»,-ասել է Աբդուլաեւան:

Նրա խոսքով, Այդանը պետք է դիմեր բժշկի, բայց փողի բացակայության պատճառով չի դիմել: Մայրն ասել է, որ բուժման համար փող չունեն: Դրանից հետո աղջիկն ինքնասպան է եղել: