Հունվարի 25-ի երեկոյան վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան բոլոր մեքենասարքավորումները, աղցան մեքենաները ձյան շերտից մաքրել եւ աղի ու ավազի խառնուրդով մշակել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, եւ առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիովին երթեւեկելի: 

Ձնամաքրման եւ փողոցների ու մայթերի աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են եւ կընթանան ողջ օրվա ընթացքում: Զուգահեռ կմաքրվեն  բակային տարածքները, հետիոտնային ստորգետնյա եւ վերգետնյա անցումները:

Գործընթացում քաղաքապետարանի եւ սանմաքրման ձեռնարկությունների համապատասխան կառույցների հետ միասին ներգրավված են նաեւ վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի օպերատիվ շտաբի եւ կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները: