ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, սպասվող ցուրտ ջերմաստիճանով պայմանավորված, ջերմոցատերերին կոչ է անում այլընտարանքային ջեռուցում կազմակերպել:
Գյուղնախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Համաձայն «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության` առաջիկա օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 27-ի գիշերը լեռնային տարածաշրջաններում կանխատեսվում է -20-25 աստիճան, Արարատյան հարթավայրում` -12 -15 աստիճաբ, հունվարի 28-ի գիշերը` լեռնային տարածաշրջաններում մինչեւ - 30 աստիճան, Արարատյան հարթավայրում` - 15 – 18 աստիճան ցուրտ:
Նկատի ունենալով վերոհիշյալը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին նշված օրերին ցուցաբերել առավել մեծ զգուշություն ջերմատներում եւ սինթետիկ թաղանթների տակ մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերն ու սածիլները, պահեստներում, նկուղներում, մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղեններն ու պտուղները ցրտահարությունից պաշտպանելու համար:
Խորհուրդ է տրվում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար»:




























