Հունվարի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 39-ամյա Երիբեկ Ք.-ն Արզնի գյուղի իր ամառանոցում թմրամիջոց է պատրաստում եւ օգտագործում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ երբ ոստիկանության ծառայողներն այցելել են նշված ամառանոց՝ մի տղա արագ մտել է սենյակ, փակել դուռը եւ ներսում ինչ որ առարկաներ են արագ նետվել վառարանի մեջ:

Ոստիկանության ծառայողների բանավոր պահանջով դուռը բացելուց հետո վառարանից դուրս են բերվել հալված 3 ներարկիչներ, «Դիմեդրոլի» եւ լուցկու տուփեր, կիսով չափ այրված բամբակ, որին կապած է եղել հալված ներարկիչ` ասեղով, ապակե սրվակ` ամրացված մետաղալարով, կիտրոնի աղի կիսով չափ այրված տուփ, պլաստմասե շիշ՝ սպիտակ զանգվածով:

Ըստ Երիբեկ Ք.-ի հայտարարության` պատրաստվածը ինքը օգտագործել է որպես ցավազրկող եւ ոչ ոքի չի հյուրասիրել:

Այդ ժամանակ նշված տանն եղել են նաեւ 41-ամյա Հարություն Հ.-ն, 36-ամյա Հայկ Վ.-ն, 55-ամյա Գեղամ Ս.-ն, 33-ամյա Խաչատուր Գ.-ն եւ 45-ամյա Արմեն Խ.-ն, որոնք ժամը 18.35-ին բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, եւ նշված անձինք ներկայացվել են նարկոլոգիական կլինիկա:

Կատարվում է հետաքննություն: