Նոր միջազգային համակարգեր ձեւավորելիս ՄԱԿ-ի կանոնադրությունը փոխելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա կարծիքով, վերջին տարիներին միջազգային քաղաքականության մեջ առանցքային մարտահրավերը պայմանավորվելու ունակության անբավարարությունն է, որը, մասնավորապես, հանգեցրել է Սիրիայի հարցով լայն բանակցություններ սկսելու ձգձգման:
«Նման դեպքերը ժամանակակից քաղաքականության մեջ շատ վտանգավոր են: Դրանք կարեւոր բաներն են, որոնք մարտահրավեր են մեզ համար նոր միջազգային համակարգի ձեւավորման աշխատանքում, որը հենվելու է ՄԱԿ-ի կանոնադրության վրա, բայց զգալիորեն լրացվելու է նույն սկզբունքների հիման վրա»,-ասել է Լավրովը:
Միաժամանակ նա հստակեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության տեքստում փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: «Այն շատ ճկուն փաստաթուղթ է, եւ այն փոխելու ոչ մի անհրաժեշտություն չկա»,-ընդգծել է Լավրովը:



























