«Ֆեյսբուք» սոցիալական կայքում արված գրառումների համար պետք է քրեական պատասխանատվություն սահմանել: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` անդրադառնալով վերջերս Ֆեյսբուք սոցիալական կայքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի` քաղաքացուն արված «աչքերդ կհանեմ» արտահայտությանը:
«Եթե ֆեյսբուքյան էջը որպես անհատ անձերի երկխոսության դաշտ է ընդունվում, ապա անձանց պատասխանատվության չի կարելի ենթարկել, իսկ եթե մի դաշտ, որտեղ հայհոյախառը խոսքերը որպես հիմք ենք ընդունում, պետք է պատասխանատվության ենթարկել: Նույնկերպ էլ ֆեյսբուքում, եթե հասարակ մահկանացուն հայհոյում է իշխանության ներկայացուցիչներին կամ այլ մարդկանց, ուրեմն իրենց դեմ էլ պետք է վարույթ սկսել: Ինչի՞ եք մենակ պատգամավորի դեպքում պատասխանատվություն պահանջում: Մարդը կարող ա մի իրավիճակում է հայտնվում, որ չի կարողանում իրեն տիրապետել ու նման արտահայտություններ է անում»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Սույն խոսակցությունն սկսվել էր այն բանից հետո, երբ օգտատերը Արցախում զինծառայողի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից...»:
Այս առնչությամբ հունվարի 13-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով:




























